«Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» նախաձեռնությունը հրապարակել է քաղաքական ուժերի ակտիվության վերաբերյալ հերթական զեկույցը, որն ամփոփում է վերջին վեց օրերի պատկերը։
Ըստ դիտարկման արդյունքների՝ մարդաշատության ցուցանիշով առաջատար են հետևյալ ուժերը․
• Գագիկ Ծառուկյան (Աբովյան)՝ 9500 մասնակից։
• «Ուժեղ Հայաստան» (Երևան)՝ շուրջ 6000 մասնակից։
• «Հայաստան» դաշինք (Էջմիածին)՝ ավելի քան 3000 մասնակից։
Զեկույցն առանձնակի շեշտադրում է կատարում իշխող և ընդդիմադիր ուժերի հավաքների տարբերության վրա։ Կապանում «Ուժեղ Հայաստան»-ի հավաքը 3 անգամ, իսկ Երևանի Շենգավիթ համայնքում «Բարգավաճ Հայաստան»-ի հանդիպումը 4 անգամ ավելի շատ մասնակից է ունեցել, քան ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած միջոցառումները։
Մոնիտորինգի հեղինակները անդրադարձել են նաև քաղաքական կոռեկտությանը։ Արձանագրվել է, որ մինչ քաղաքական ուժերի մեծ մասը պահպանում է բանավեճի կանոնները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ են տրվել այդ կանոնների կոպիտ խախտումներ։ Մյուս թեկնածուներն առայժմ հանդես են գալիս ավելի զուսպ և կոռեկտ բառապաշարով։