Կարևոր իրադարձություններ

Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

06 Հունիս, 2025 13:45
Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին՝ Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ ջերմ ընդունելության համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային՝ շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում՝ նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:

Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը:

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ- Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին