Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի համագործակցությամբ։
Հեծանվաշքերթը մեկնարկել է Երևանի Հանրապետության հրապարակից, անցել քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներով և շարունակվել դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք՝ հետադարձ ուղղությամբ:
Երթուղու ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 40 կիլոմետր։
Միջոցառման ավարտին Էջմիածնում նաև կայացել է հեծանիվների համար նախատեսված հատուկ կայանատեղիի խորհրդանշական բացման արարողություն, որի նպատակը քաղաքում հեծանվային ենթակառուցվածքների զարգացումն է։
Հեծանվային երթևեկությունը խթանելու նպատակով մինչ այս քաղաքում նաև ճանապարհային նոր նշաններ են տեղադրվել։