Հունաստանի Կրետե կղզում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի։ Սուդայի ծոցում ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազայի մոտ գտնվող հյուրանոցում բնակվող տղամարդը նկարահանել է ռազմական օբյեկտներ, հաղորդել է հունական ERTnews հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ոստիկանության ու հետախուզական ծառայությանը։
Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածը ունի Լեհաստանի իշխանությունների կողմից տրված ճանապարհորդական փաստաթուղթ։ Նրանից առգրավվել են մոտ 5 հազար լուսանկար և մեծ թվով տեսանյութեր։
Հնարավոր ձերբակալության վերաբերյալ որոշում կկայացնի դատախազությունը։ Ավելի վաղ տղամարդուն նկատել էին ռազմավարական նշանակություն ունեցող վայրերն ու Սուդայի ծոց մտնող և դուրս եկող ռազմական նավերը նկարահանելիս։
DPA լրատվական գործակալությունն էլ հիշեցրել է, որ հունիսի 21-ին Կիպրոսում ձերբակալվել է մի ադրբեջանցի, որը կասկածվում է կղզում գտնվող ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակում պլանավորելու համար։
Կիպրոսի լրատվամիջոցները, հղում անելով կառավարության աղբյուրներին, հաղորդել են, որ ձերբակալվածը երկիր է մտել բրիտանական անձնագրով և գործել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանձնարարականով։
Կիպրոսի և Հունաստանի հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ռազմական բազաները, այդ թվում՝ Կիպրոսում բրիտանական երկու ռազմաբազաները և Սուդայի ծոցում ամերիկյան բազան, կարող են հարձակումների թիրախ դառնալ՝ Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտության սրման ու դրանում ԱՄՆ-ի ներգրավման ֆոնին։
Այս վայրերի մոտ այժմ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, հետևում են ցանկացած արտասովոր գործողությունների, հայտնում են Հունաստանի և Կիպրոսի ԶԼՄ-ները։