Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հրապարակեց արդարացման վերդիկտը։
«Ճանաչել և հռչակել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով։ Մեղադրյալ Սեդրակ Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ»,– վերդիկտը հրապարակեց դատավոր Գրիգորյանը։
Վերդիկտի հրապարակումից հետո դատարանն անցավ լրացուցիչ դատալսումների, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում էր 2008 թ.-ից հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ինչպես նաև դրանում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանդատներ ունենալու նպատակով, իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դիտավորությամբ, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում անհրաժեշտ նյութական, այդ թվում՝ դրամական միջոցներ տալով, իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում իրականացրել է ընտրողներին կաշառք տալը՝ հանցավոր խմբում ընդգրկելով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների անդամներին և համակիրներին։