Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստանը կանգնած է սպառնալիքների առջև. Հայկ Նահապետյան

23 Մարտ, 2026 18:37
Այսօր Հայաստանը կանգնած է սպառնալիքների առջև. Հայկ Նահապետյան

Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների առջև։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, աշխարհասփյուռ հայության ցանկացած անհատ չի կարող լինել անտարբեր կամ դիրքավորվել որպես դիտորդ հայրենիքի և հայության համար ճակատագրական այս պահին։

Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը»։ Սրանք կարևորագույն մոտեցումներ են և կարող են հասարակական և քաղաքական շահագրգիռ ուժերի  և անհատների  համար դառնալ սկզբունքային դիրքավորման առանցք։

Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքացու արժանապատվության և արժեքային համակարգի վերականգնումը պահանջում է  քաղաքական և մասնագիտական մտքի համախմբում, կամային որակների մեկտեղում։

Պետական և հանրային կյանքի կառավարման  բոլոր ոլորտներում՝ առաջնահերթությամբ պետության պաշտպանության և անվտանգության ոլորտների, անհրաժեշտ է առկա իրավիճակի մասնագիտական ճշգրիտ գնահատում, ներառելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, առաջարկելով մարտահրավերների կանխարգելման և սպառնալիքների չեզոքացման համար ոչ ստանդարտ և արդյունավետ  լուծումներ, գաղափարներ և պրոֆեսիոնալ մոտեցումներ։

Այս առաքելությունը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր վրա վերցրել  է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։

Ուստի, հայտարարում եմ, որ պատրաստակամ եմ գործուն առաջարկներով լրացնել և  ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը,  ներդնելով իմ ողջ ներուժը, փորձառությունը, գիտելիքներն  ու կարողությունները այս նախաձեռնության նպատակները կյանքի կոչելու համար։

Լրահոս

Դիտել ավելին