Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակման հարցը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրել է, որ գործընթացին ներգրավված են ՀՀ ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները։
«Իրականացվում է հետազոտություն, որպեսզի դուրս բերվեն բոլոր հիմնական հնարավորությունները, ռիսկերը, խնդիրները։ Այդ ամբողջական պատկերն ունենալուց հետո նոր հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ կարգավորումներ են պետք, ինչպես դրանք ճշգրիտ ու թիրախային կիրառվեն։ Ըստ այդմ էլ կհասկանանք, թե որ կայքերն են սահմանափակվում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են։ Մեր կողմից հարցեր են բարձրացվել այն մասին, թե որքանով է հնարավոր լինելու սարքավորումը երեխայի հետ նույնականացնելը։ Դա կարևոր է, որ վստահ լինենք, որ վերահսկում ենք այդ որոշումը»,-ասել է Թամարա Սարգսյանը։
Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ ոլորտում առկա են խնդիրներ, և անհրաժեշտ է դրանց կարգավորում։ Երեխաների թվային պաշտպանվածությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն, և պետությունը պետք է վստահ լինի, որ թվային միջավայրում նրանց պաշտպանելու համար ստեղծված են բավարար գործիքներ և կարգավորումներ։