Քենիայի Ռիֆտ Վալի (Մեծ Բեկվածքի հովիտ) տարածաշրջանի քաղաքներից մեկում գտնվող աղջիկների գիշերօթիկ դպրոցում սոսկալի ողբերգություն է տեղի ունեցել։ Հանրակացարանում բռնկված հզոր հրդեհի հետևանքով առնվազն 15 աշակերտուհի է մահացել, ևս 79-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու այրվածքներ։ Ինչպես հայտնում է «The Washington Post»-ը, կրակը բռնկվել է գիշերային ժամերին, երբ երեխաները եղել են սենյակներում։ Իրավապահներն ու համապատասխան ծառայությունները դեռևս փնտրում են աղետի հստակ պատճառները։ Հատկանշական է, որ Քենիայի գիշերօթիկ դպրոցներում հրդեհների բռնկումը պարբերական բնույթ է կրում, ինչը հաճախ պայմանավորված է լինում կամ դիտավորյալ հրկիզումներով, կամ էլեկտրականության համակարգի անսարքություններով։