Հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի Հանրապետության և մեր հասարակության համար կարևորագույն իրադարձություն են։ Ցավոք, բնականոն ընտրարշավն ի սկզբանե խաթարվեց՝ հիմնական ընդդիմադիր ուժերի հանդեպ իշխանությունների ձեռնարկած հակաօրինական գործողությունների պատճառով։ Շաբաթներ շարունակ խուզարկություններ, ձերբակալություններ ու կալանավորումներ են ընթանում մի շարք ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, շտաբներում, համակիրների բնակարաններում։
Հետապնդումներ և քրեական գործեր են նախաձեռնվում մի շարք օտարերկրյա, ըստ հայկական ԶԼՄ-ների՝ կեղծ և ադրբեջանական հետք ունեցող կայքերում տեղ գտած հրապարակումների հիման վրա։ Նպատակը՝ միջամտել և փոփոխել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դասավորությունը։ «Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» անվան տակ իրական հիբրիդային պայքարի թիրախ է դարձել հայկական ամբողջ ոչ իշխանական դաշտը՝ քաղաքական ուժերից մինչև հասարակ քաղաքացիներ։
Բացի այդ, իշխանական ուժի քարոզարշավն ընտրել է հասարակության պառակտման, ներքին թշնամանքի տարածման ընդգծված մարտավարություն՝ թիրախ դարձնելով բռնի տեղահանված մեր արցախցի հայրենակիցներին և Արցախի խնդիրն ուշադրության ու հոգածության կենտրոնում պահող բոլոր ուժերին և անհատներին։ Կալանքի տակ են գտնվում քաղաքացիներ՝ գործող իշխանություններին ուղղված հարցերի և քննադատության պատճառով։ Ընդդիմադիր ուժերի հարյուրավոր համակիրներ ձերբակալվել են, շատերը կալանավորվել։
Սա անթույլատրելի, տոտալիտար քաղաքականություն է՝ Հայաստանի համար հեռու գնացող վտանգավոր հետևանքներով։
Այսպիսով, հենց քարոզարշավի շրջանից, ընտրությունների իրավականությունը և օբյեկտիվությունը կասկածի տակ են, խաթարված է դրանց հանդեպ ընտրողի վստահությունը։
Սրանք սովորական ընտրություններ չեն, ցավոք։ 2021թ. ընտրությունների արդյունքները ճակատագրական եղան Արցախի համար։ Այս ընտրությունները սպառնում են ճակատագրական լինել Հայաստանի համար։ Մեր քաղաքացիական պարտավորությունն է ոչ միայն քվեարկելը, այլև պահանջել, որպեսզի ընտրական պրոցեսները մնան օրինականության շրջանակներում։
Հակաօրինական դրսևորումներին չի կարելի արձագանքել միայն սեփական կամ խմբային իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հասարակությունը և քաղաքական ուժերը պարտավոր են միասնաբար հանդես գալ ընդդեմ իրավունքի և օրենքի ոտնահարման։ Իրավականությունը և օրենքի գերակայությունը քաղաքական նախընտրություններ չեն ճանաչում։ Մենք կոչ ենք անում պաշտպանել ընտրողի իրավունքները և միավորել ջանքերը՝ ընդդեմ իրավական կամայականության և հանուն օրինական, արդար ընտրությունների։