Կարևոր իրադարձություններ

Հայաստանը և Վրաստանը նախատեսում են երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր իրականացնել

26 Հոկտեմբեր, 2022 13:45
Հայաստանը և Վրաստանը նախատեսում են երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր իրականացնել

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր, գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտական ենթակառուցվածքների փոխադարձ օգտագործում և այլն:

Կողմերը կհամագործակցեն նաև միջազգային տարբեր հարթակներում ներկայանալու հարցում. մասնավորապես՝ նախատեսվում է մշակել համատեղ առաջարկներ՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին համատեղ մասնակցելու նպատակով:

Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի տնօրենության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրվել է Թբիլիսիում, որտեղ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով տնօրենության հրավերով մասնակցում էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետազոտությունների և նորարարության հարցերով ոչ պաշտոնական աշխատանքային խմբի 4-րդ հանդիպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին