Կարևոր իրադարձություններ

Երբ կմեկնարկի «Թատերական շաբաթ» ծրագիրը

20 Մարտ, 2025 15:10
Երբ կմեկնարկի «Թատերական շաբաթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» ծրագրի մեկնարկի մասին, որը կանցկացվի մարտի 22-30-ը:

Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր թատրոններում: Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում դպրոցականներն ու ուսանողները վարպետության դասերի, թատրոնի տեխնիկական և ստեղծագործական կազմերի հետ հանդիպումների, զրույցների, շրջայցերի միջոցով կբացահայտեն թատրոնի չերևացող կողմերը՝ հետնաբեմը, դիմահարդարման սենյակները, լուսաձայնային տեխնիկայի սենյակները, արտադրամասերը, որոնցում պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ներկա լինելու դերասանների փորձերին, մասնակցելու թատերական ընթերցումներին։

Նշված հանդիպումների ընթացքում այցելուները կզրուցեն դերասանների, ռեժիսորների հետ, կծանոթանան թատերական ներկայացման կազմակերպման գործընթացին:

«Թատերական շաբաթ» ծրագրի անցկացումը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և միջոցառումներին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ:

«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերն ու հանդիպումները թատրոնների անձնակազմերի հետ անվճար են:

Լրահոս

Դիտել ավելին