Բացի վարչությունում քննարկելուց, դուք ականատես եղաք, որ այն, ինչ մենք առաջարկեցինք և խոսեցինք՝ կապված Կտրիճ Ներսիսյանի հետ, աջակցություն գտավ նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:
«Նախ Վաղաշապատ համայնքում իրենք պարտվեցին, այդ քաղաքական ուժը, որը Կտրիճ Ներսիսյանն էր ներկայացնում, այդ քաղաքական թևը, քաղաքական շարժումը պարտվեց, հետագայում էլ ամբողջ Հանրապետությունում պարտվեց։ Եվ մեզ ասել, թե դա վարչությունում է քննարկվել, վարչությունը ՀՀ ժողովրդի կամքի արտացոլումն է և մի մասն է»,-նշել է նա։
Հարցին՝ այդ զեկույցի վերջնանպատակը Կաթողիկոսի հեռացո՞ւմն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ «Կաթողիկոսի չէ, Կտրիճ Ներսիսյանի», որին ի պատասխան լրագրողն ասել է՝ մեզ համար Կաթողիկոս է:
«Ուրախ եմ ձեր համար, բայց դա մի վերագրեք ՀՀ ժողովրդին, որովհետև Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ՀՀ ժողովրդի մեծամասնությունն ասաց, որ ինքն ուղղակի Կտրիճ Ներսիսյանն է՝ գնալով և քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ ընտրությունների արդյունքները մանդա՞տ են ամբողջ ժողովրդի անունից Կաթողիկոսի հեռացման հարցը օրակարգ բերելու, որին ԱԽ քարտուղարը պատասխանել է՝ իսկ ի՞նչն է մանդատը, եթե ոչ ժողովրդի քվեարկությունը:
Դիտարկմանը՝ պետք է հաշվի առնել նաև ընդդիմության ստացած ձայները, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Ընդդիմությունն այսինքն կրոնական ինչ-որ կազմակերպությո՞ւն է: Իրենք իրենց ծրագրի մեջ նման դրույթ ունեցե՞լ են՝ կապված եկեղեցու ստեղծված իրավիճակի հետ: Ունեցե՞լ են: Չեն ունեցել, չէ՞: Մենք ունեցել ենք, որի համար նաև ինչ-որ ձևով քննադատվել ենք»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց: