Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի դիրքորոշումը նույնն է. փաստաբանի մոտ սպասողական վիճակ է

07 Ապրիլ, 2017 11:38
Սամվել Բաբայանի դիրքորոշումը նույնն է. փաստաբանի մոտ սպասողական վիճակ է

«Իգլայի» գործով ձերբակալված Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ սպասում են՝ խափանման միջոց կալանքի փոփոխման վերաբերյալ իր հայցը քննվի: «Սպասողական վիճակ է: Նույնիսկ Կենտրոնի դատարանից կալանքի հետ կապված գործը դեռ չի գնացել դատարան: Չեմ կարող ասել, թե ինչու: Արդեն վաղուց պետք է, որ գնացած լինեին»,- ասաց Քալաշյանը:

«Ես գրավ չէի միջնորդել, որովհետև միանշանակ կերպով կալանավորման հիմքերը բացակայում էին: Գրավը կիրառվում է այն ժամանակ, երբ ես գտնում եմ, որ կալանքը բավարար է ու դրա այլընտրանքային միջոցը գրավն է կիրառվում: Բայց քանի որ իմ համոզմամբ՝ կալանավորման հիմքերն իսպառ բացակայում են, այդ պատճառով էլ գրավ չեմ միջնորդել»,- մանրամասնեց փաստաբանը:

Քալաշյանը հավելեց, որ Սամվել Բաբայանի դիրքորոշումն իրեն առաջադրված մեղադրանքի նկատմամբ մնում է նույնը՝ նա հերքում է մեղադրանքը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։ Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հավելենք նաև, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն աջացկում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինիք: Վերջինիս առաջնորդների համոզմամբ՝ Բաբայանի ձերբակալումը քաղաքական հիմքեր ունի և ուղղված էր դաշինքի դեմ:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Անուշ Հարությունյան

Լրահոս

Դիտել ավելին