ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու հայտնի «Թուրքի մայլա» թաղամասի անունը հնչեցնելու համար իր հասցեին արված մեղադրանքներին:
«Քաղաքական տհասությունն ու հոգեխանգարմունքը՝ միաձուլված.
Գյումրիում կա թաղ, որը կոչվում է «Թուրքի մայլա»։ Գյումրիում անխտիր բոլորը այդ թաղն անվանում են «Թուրքի մայլա», սկսած այդ թաղում բնակվող շինարարից՝ մինչև այդ թաղում բնակվող պատգամավոր։
Հիմա ընդդիմադիր լրատվականների մտքի հանճարները, սեփական արտադրության մաղձից կուրացած, ասում են, թե «Թուրքի մայլա» ասելով՝ ես փորձել եմ վիրավորել այնտեղ ապրող ինչ-որ մեկին։
Անկեղծորեն կարծում եմ, որ այդ պնդումն անող ցանկացած մեկը հոգեբանական աջակցության լրջագույն կարիք ունի։ Այս մարդիկ այնքան են տարվել իրենց քաղաքական հակառակորդներին, և առհասարակ ուղղակի իրենց դուր չեկող մարդկանց «թուրք» ասելու մոլուցքով, որ իրենց թվում է, կամ գոնե փորձում են ներկայացնել, թե Գյումրու թաղերից մեկի տասնամյակներով եկող անունը տալով՝ վիրավորում ես թաղի բնակիչներին ու իրենք էլ որպես իրական առյուծասիրտներ ի պատասխան դրան ասում են,- «թուրքը դու ես»։
Հատկանշանական է, որ սա անում են ընդդիմադիր այն թևի լրատվականների ներկայացուցիչները, որի առաջնորդը տարիներ շարունակ տարածվող դավադրապաշտական տեսության համաձայն՝ կիսով չափ ադրբեջանցի է ու նրա բոլոր մեղքերի պատճառը հենց դա է։ Ենթադրում եմ, որ այս մարդկանց մտածածով՝ ես էլ պիտի այս դավադրապաշտական տեսությունը նրանց երեսով տայի՝ ասելով,- «Էս չե՞ք, դե իմացեք իրական թուրքն ով է»։
Բնականաբար էդպես չեմ անի, որովհետև նախ դավադրապաշտական տեսությունները հիմարություն են ու կեղծ և հետո՝ նրանց առաջնորդի թուրք կամ ադրբեջանցի չլինելը բնավ չի ազատում նրան այն ամբողջ պատասխանատվությունից որը նա կրում է որպես Հայաստանում քրեաօլիգարխիայի հիմնադիրներից մեկը, որպես նախագահ, որի օրոք հոկտեմբերի 27 է եղել, որպես նախագահ, որի օրոք մարտի 1 է եղել, որպես նախագահ, որի ամբողջ ընտանիքն ու թիմն անցնում են ապօրինի գույքի գործերով, որպես նախագահ, որ մեր երկրի կարևորագույն ենթակառուցվածքը «պարտքի դիմաց» տվել է օտարին, ու հավատացեք ինձ, սրանք շատ ավելի ծանր մեղադրանքներ են, քան դավադրապաշտական կեղծ տեսությունը, թե Քոչարյանը ադրբեջանցի է, ոչ, նա ընդամենը թուլակամ, խեղված մեկն է, որի ոտքերը թուլացել են իշխանությունից ու փողից, ու այդ երկուսը պահելու համար նա գնացել է ամեն հնարավոր քայլի, ու նրա այդ քայլերի արդյունքում դիզած ունեցվածքի պաշտպանության շրջանակներում քաղաքական հակառակորդներին ու նրանց աջակիցներին «թուրք» ասելը ընդամենը վկայությունն է այն բանի, որ աշխարհի փողն անգամ չի կարող «բուժել» գաղափարական ու քաղաքական սնանկությունը։
Հետգրություն. Ապօրինի գույքի գործերով ամենօրյա դատական վճիռների հրապարակման ինտենսիվացմանը զուգընթաց սպասվում է «թուրք» բառի օգտագործման խիստ աճ ընդդիմադիր մեդիադաշտում։ Պետությունից թալանածները պիտի թալանը պետությանը վերադարձնողներին «թուրք» անվանեն»,- գրել է Ալեքսանյանը: