Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

07 Ապրիլ, 2025 13:34
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը գլոբալ և տարածաշրջանային բարդ իրավիճակում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման կարևորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը:

Կարևորվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Նա ընդգծել Է Ֆրանսիայի առանձնահատուկ դերը պաշտպանական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: 

ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի մասին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ: Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, ինչպիսին է հայ գերիների վերադարձը: 

Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Լրահոս

Դիտել ավելին