Կարևոր իրադարձություններ

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը՝ Մայր Աթոռում

07 Ապրիլ, 2025 17:38
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը՝ Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի  Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնակատար Արժանապատիվ Տ․ Ղևոնդ քահանա Տյոմկինը։ 

Տեր Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց Տիրամոր դերակատարությունը մարդկության պատմության մեջ:

«Այսօր տոնելով Աստվածածնի Ավետումը՝ մենք բոլորս  մեր հայացքներն ենք ուղղում դեպի Սուրբ Կույսը և սովորում նրա օրինակով վստահել, հավատալ Աստծուն ու հնազանդվել Տիրոջ կամքին, որպեսզի արժանանանք հավիտենական անանց բարիքներին»,-ասաց Տեր Հայրը՝ շնորհավորելով Սուրբ Պատարագին ներկա մայրերին, կանանց ու օրիորդներին և հայցելով Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը նրանց համար: 

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։

Լրահոս

Դիտել ավելին