ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրապարակ օրաթերթում տպագրված լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, իսկ Մարտուն Գրիգորյանն էլ մերժել է, բացարձակ սուտ է։
Նման առաջարկ ՔՊ-ին արել է Մարտուն Գրիգորյանի դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկը նախագահը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հարյուր հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ և նույնքան մարդու առաջ էլ ստացել պատասխան։
ՔՊ-ն Գյումրու ՏԻՄ-ում համամասնական ընտրությունների մեխանիզմի ներդրումից հետո միակ կուսակցությունն է, որ հավաքել է 17 000 քվե և մենք առավել քան պատասխանատու ենք մեզ վստահված յուրաքանչյուր քվեի համար։
Իհարկե, ընդդիմադիր մամուլը մեր օրերում դարձել է մի յուրատեսակ ստի կայսրություն, բայց, հարգելի գործընկերներ, սուտն էլ պիտի չափ ունենա, սահման ունենա»։