Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Արտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. իսկ ուր է նա

10 Ապրիլ, 2025 08:12
«Ժողովուրդ». Արտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. իսկ ուր է նա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արշակ Օրդուխանյանը, որը պետք է, ըստ հերթականության, փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է մի քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով եւ օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա:

Եվ, դատելով իրավիճակից, նա «արտոնյալ» մեղադրյալ է։ Բանն այն է, որ դատավոր Մկրտչյանը գործով մեղադրյալ Արշակ Օրդուխանյանի պաշտպան Սիմոն Հարությունյանի միջնորդությունը բավարարել է, և Մեղադրյալ Օրդուխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացրել է, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով թողել է անփոփոխ։

Խափանման միջոցը փոխել են Օրդուխանյանի առողջական խնդիրների պատճառով։

Դատարանի՝ միանգամից նման որոշում կայացնելը խիստ կասկածների տեղիք է տալիս, քանի որ հասարակ քաղաքացու դեպքում դատարանը այդքան բարեհոգի չէր գտնվի եւ կմերժեր, մինչդեռ ՔՊ-ական Օրդուխանյանի դեպքում, միգուցե, օգնել են քաղաքական կապերը։ Ավելին, հարց է առաջանում՝ այդ ինչ առողջական խնդիր է, որ Արշակ Օրդուխանյանը բուժումը չի կարող իրականացնել Հայաստանում եւ պարտադիր պետք է դուրս գա երկրից։

Հավելենք, որ մամուլում լուրեր կան, որ նա հրաժարվել է մանդատը վերցնելուց, եւ իր ինքնաբացարկը հաստատված է նոտարական կարգով։

Ասել է թե՝ նա հիմա երկրում չէ, ու հարց է՝ կվերադառնա, թե ոչ։

Նկատենք, որ ըստ մամուլի՝ Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաեւ «Արշակ եւ Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաեւ գրավատուն է ունեցել եւ այլն։

Շարունակելի…»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին