ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքի հետ:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը, ինչպես նաև ԱՄՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջնորդվում է բացառապես ԱՄՀ ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններով:
Նախարարը հույս է հայտնել, որ ստեղծված սերտ քաղաքական երկխոսությունը հիմնադրամի հետ կշարունակվի նաև ապագայում, և կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի շրջանակներում նախանշված հենանիշներին հասնելու համար: