Coffee House ընկերության մասնաճյուղերի ցանցը մի քանի օր է՝ փակ է, չի աշխատում։
Ուսանողական ընկերներ Նարեկի և Արտյուշայի հիմնած ընկերությունում ՊԵԿ-ը ստուգումներ է կատարել և առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 450 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել։ ՀՀ Քննչական կոմիտեում նաախձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այդպիսով պետությանը վնաս հասցնելու հատկանիշներով։
Այս մասին հայտնում է MediaHub-ը, փոխանցելով, որ ընկերությունը որոշ մասով ընդունել է իր մեղքն ու մոտ 150 մլն դրամի չափով գումար է փոխանցել բյուջե՝ որպես վնասի վերականգնում։
Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մի փոքր այլ թիվ նշելով․ «Առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում»։
ՔԿ-ից նաև հայտնեցին, որ վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Նշենք, որ ՊԵԿ-ը տևական ժամանակ է՝ «տեռոր» է իրականացնում հիմնականում մանր ու միջին տնտեսվարողների շրջանում և աջ ու ձախ տուգանքներ է գրում՝ փորձելով այդպիսով բյուջեն լցնել։
Մի մասի դեպքում, իրականում, գուցե տեղին և արդար է ՊԵԿ-ի արածը, քանզի քիչ չեն պետությանը խաբող և զարտուղի ճանապարհներով հարկ թաքցնող տնտեսվարողները, բայց շատ դեպքերում ՊԵԿ-ն ուղղակի ձվի մեջ մազ ման գալով կամ տարբեր հսկիչ ստուգումներով «մարդկանց գլխին սարքելով» է փորձում տուգանքներ գեներացնել։ Իսկ քրեական գործերն էլ դրան նպաստող ամենաարդյունավետ միջոցն են, քանզի գործարարները կալանքից ու բանտարկությունից խուսափելու համար ստիպված համաձայնում են ՊԵԿ-ի գրած տուգանքների հետ կամ, մի փոքր բանակցելուց հետո, ի վերջո, համաձայնում են որոշ մասը վճարել, որ ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ առնվազն կալանավորումից։
Թե որքանով է իրական ու խելամիտ Coffee House-ի կողմից 450 մլն դրամի հարկ թաքցնելը, քանզի շատերն ուղղակի զարմացած են, թե այդ ի՞նչ մեծ թվերի շրջանառություն է ապահովել սուրճ ու այլ ըմպելիքներ վաճառող այս ընկերությունը, որ մոտ կես միլիարդ դրամի հարկ է հասցրել թաքցնել (ըստ ՊԵԿ-ի), դա մենք կփորձենք լրացուցիչ պարզել։
Թեպետ՝ մյուս կողմից էլ նկատենք, որ սուրճի բիզնեսն ամենաեկամտաբեր բիզնեսներից է, որտեղ մարժան շատ մեծ է, և հնարավոր է իսկապես այսպիսի մեծ թվերի շրջանառություն ապահովել, հատկապես, երբ խոսքն արդեն խոշոր և լայն տարածում ունեցող ցանցի մասին է։
Ավելին, մեզ ասացին՝ ի սկզբանե ՊԵԿ-ը այլ թիվ է գրել, որը ոչ թե 450 մլն է եղել, այսինքն՝ ավելի քան 1 մլն դոլար, այլ մի քանի անգամ ավելի շատ՝ մոտ 5-6 մլն դոլար, սակայն բանակցությունների արդյունքում կանգնել են 450 մլն դրամի վրա, որի մի մասն արդեն վճարվել է, մյուս մասն էլ, հավանաբար, հընթացս կվճարվի, քանզի ոչ տնտեսվարողին է պետք ընկնել դատական քաշքշուկների մեջ, մի բան էլ՝ կալանավորվել, և հետո բանտից ապացուցել, որ ինքն արդար ու ազնիվ է աշխատել, ոչ էլ ՊԵԿ-ին, որի համար շատ բարդ է լինելու ամիսներ շարունակ ձգվող դատական նիստերում հիմնավորել, որ ինքը ճիշտ թիվ է «դրել» տնտեսվարողի վրա։ Դրա համար նախնական փուլում պայմանավորվում են, գալիս են ընդհանուր հայտարարի և որոշ ժամանակ անց՝ գործը փակում։