Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջադեպը բացասական է գնահատում։
«Ես կարծում եմ, որ շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել։ Անկախ սադրանքի ակնհայտ լինելուց, պաշտոնյան պետք է զսպվածություն ցուցաբերի։ Այս հարցը հիմնականում վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, կուսակցությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, և այժմ իրավիճակին պետք է անդրադառնան քաղաքապետարանը և կուսակցությունը։
«Չեմ ցանկանում ընդհանրական գնահատականներ հնչեցնել, սակայն պետք է նկատել, որ ներկայում խոսքի ազատությունը հաճախ խառնվում է լկտիության, լպիրշության և ամենաթողության հետ։ Պետական պաշտոնյան պետք է ունենա ինքնատիրապետման զգացողություն, իսկ եթե դա չի հաջողվում, ապա պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու կամ պատշաճ ձևով արձագանքելու միջադեպին»,- հավելել է Սիմոնյանը։