Վատիկանում սկսվել է նոր պապի ընտրության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Deutshe Welle-ն:
Կոնկլավին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 130 կարդինալներ։ Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, իսկ գաղտնիության խախտումը հանգեցնում է ավտոմատ հեռացման:
Առաջին օրը հիմնականում նվիրված է լինում տարբեր կրոնական և նախապատրաստական արարողություններին։
Կարդինալները կհանդիպեն և կքվեարկեն գաղտնի և մեկուսի Վատիկանի որմնանկարներով պատված Սիքստինյան կապելլայում: Յուրաքանչյուր ոք, ով խախտում է գաղտնիությունը, ինքնաբերաբար հեռացվում է եկեղեցուց:
Հավատացյալները յուրաքանչյուր փուլից հետո հատուկ տեղադրված ծխնելույզից դուրս եկող ծխից կկարողանան պարզել, թե արդյոք նոր պապ է ընտրվել. սև ծուխը նշանակում է, որ պապը չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը նշանակում է, որ նա ընտրվել է։
Նոր Պապի ընտրությունը այսօր՝ մայիսի 7-ին հնարավոր է, բայց քիչ հավանական։ Կոնկլավի առաջին օրը քվեարկության միայն մեկ փուլ է լինում:
Կոնկլավները, որոնք ընտրում էին նախորդ պոնտիֆիկոսներին՝ Ֆրանցիսկոսին, Բենեդիկտոս XVI-ին և Հովհաննես Պողոս II-ին, տևեցին երկու-երեք օր: Ամենաերկար կոնկլավը տևել է գրեթե երեք տարի։ Դա 13-րդ դարի երկրորդ կեսին էր։