ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ երևույթն ինքնին դատապարտելի է, որովհետև բարձր դասարանցիների կողմից ավելի ցածր դասարանցիների նկատմամբ նմանատիպ վարքագիծը և առհասարակ նմանատիպ վերաբերմունքը դպրոցական միջավայրում անընդունելի են:
«Շատ մտահոգիչ դեպքի մասին ենք խոսում, որովհետև կրկին առերևույթ թմրամիջոցի օգտագործման, առերևույթ շանտաժի դրվագներ ունենք, նաև ունենք խնդիրներ դեպքի չբարձրաձայնման մասով:
Դեպքի հետ կապված՝ ունեցել ենք օպերատիվ տվյալների իրացում, որի արդյունքում կարողացել ենք շատ մանրամասներ պարզել և փոխանցել ՔԿ-ին, որն էլ պրոցեսը ճիշտ տրամաբանությամբ կարողացել է առաջ տանել»,- ասաց Արփինե Սարգսյանը:
Ըստ նախարարի՝ այնուամենայնիվ, դեռ կան ճշգրտման ենթակա տվյալներ, օրինակ՝ ըստ իր վերջին տեղեկության՝ սպիտակ փոշենման զանգվածի մասով փորձագիտական եզրակացությունը դեռ չի փոխանցվել ՔԿ-ին:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մխչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն էր առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ, որպեսզի կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնեն։
Ըստ ՔԿ-ի՝ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ 1 անձ ձերբակալվել է:
Տնօրենն ազատման դիմում էր ներկայացրել: