Կառավարության որոշմամբ ստեղծված Վերականգնված միջոցներին միասնական հաշվին ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 44 միլիոն 177 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ:
Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստի ժամանակ:
Դատախազը հիշեցրել է, որ Կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ՝ քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվում են Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին:
Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով՝ Գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 152 հայցադիմումներով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ:
152 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը: 5 հայցադիմումների վերաբերյալ կայացվել են դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել՝ բողոքարկվել են ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ պատասխանողների կողմից:
Հիշեցնեմ, որ 2023-2024 թվականների ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ՝ 815 միլիոն 200 hազար ՀՀ դրամ և 50 հազար 720 եվրո: Անշարժ գույքերի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ 200 միլիոն դրամը:
2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին)»:
2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46 %-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին: