Կարևոր իրադարձություններ

Պոլիտեխնիկում բացվեց «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման» նոր ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա

06 Հունիս, 2025 15:47
Հեղինակ՝ National Polytechnic University of Armenia
Պոլիտեխնիկում բացվեց «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման» նոր ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա

«Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիայի» բացումը հնարավոր է դարձել  Cadence և Cisco ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ ԱՐՓԱ հիմնարկ բարեգործական կազմակերպության աջակցությամբ: 

Նորաբաց լաբորատորիան ուսանողներին տրամադրում է հասանելիություն 30 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժեքով համաշխարհային դասի ծրագրային գործիքակազմին, որով մշակվում են լուծումներ էլեկտրոնային արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ ներառյալ ավտոմոբիլային և օդատիեզերական: 

Լաբորատորիայի հիմնական նպատակներն են. 

  • որակյալ մասնագետների պատրաստումը, 
  • կիսահաղորդչային արդյունաբերության զարգացումը, 
  • ակադեմիական գործակցությունը։ 

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը ամեն տարի կվերապատրաստվի Cadence ընկերության մասնագիտական ծրագրերով և հնարավորություն կունենա ստանալու միջազգային հավաստագրեր, ինչի արդյունքում համալսարանը կդառնա Cadence-ի համաշխարհային ակադեմիական էկոհամակարգի լիիրավ անդամ։ 

ՀԱՊՀ ռեկտորը արձանագրել է, որ տեղի ունեցողը էական իրադարձություն է կրթության բարեփոխումների շրջանակում՝ ուղղված այս ոլորտում մրցունակ կրթության ապահովմանը: 

Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր. «Միշտ կարելի է խոսել մրցունակ կրթությունից, բայց երբեմն մենք մասնատում ենք ողջ էկոհամակարգի պատկերացումը: Մեր ընկալման մեջ մրցունակ կրթությունը մրցունակ ուսումնական և լաբորատոր պայմաններն են, համապատասխան սարք սարքավորումների ապահովմամբ, ինչպես նաև այդ կրթության համար  անհրաժեշտ լիցենզավորված ծրագրային փաթեթների ապահովմամբ:

 Այս լաբորատորիան կահավորված է մրցունակ համակարգչային գույքով, այնպիսի սերվերային հանգույցով, որը ունի շատ արագ ու մեծ հաշվարկների իրականացման հնարավորություն, միևնույն ժամանակ այս գործընթացի կարևորագույն հենասյունը հանդիսացող լիցենզավորված ծրագրային փաթեթներով, որը  ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի գնահատում ունի»: 

Հիշեցնելով, որ 5-րդ մասնաշենքը պատմականորեն Պոլիտեխնիկի այս ոլորտի կրթական ծրագրերի իրականացման համար ստեղծված կրթական մասնաշենքն է, ՀԱՊՀ ռեկտորը հայտնել է, որ մոտ ապագայում այն ամբողջական բովանդակային, ենթակառուցվածքային և գույքային բարեփոխման է ենթարկվելու: 

«Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիան» մասնավոր ընկերությունների և ակադեմիական հաստատության արդյունավետ համագործակցության օրինակ է, որը կբարձրացնի տեխնոլոգիական կրթության որակը՝ պատրաստելով այսօրվա պահանջներին համապատասխան մասնագետներ: 

Տիգրան Բաբիկյան, ԱՐՓԱ հիմնարկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար. «ԱՐՓԱ-ն հավատում է, որ կրթությունն է տեխնոլոգիաների առաջընթացի հիմնասյունը: Կրթությունն է զարգացնում հմտություններ, հետաքրքրություն և քննադատական մտածողություն:

Լավ կրթված սերունդն է, որ խթանում է գիտական մտածողությունը և նորարարությունը: Այս համոզմունքով է, որ ԱՐՓԱ-ն հատուկ ուշադրություն է դարձնում կրթական համակարգում ներդրումներին, մանավանդ բնական գիտությունների և STEM ոլորտներում: 

Տ. Բաբիկյանը ի սրտե հաջողություն է մաղթել նոր սերնդին՝ վստահություն հայտնելով, որ նրանք գործի կդնեն իրենց հնարավորությունները և նոր հաջողությունների կհասնեն ի շահ մեր ժողովրդի»։ 

«CADENCE DESIGN SYSTEMS» ընկերության ներկայացուցիչ հայազգի ավագ գլխավոր ինժեները պատմել է այդ մեծ ձեռնարկը կյանքի կոչելու եռամյա ճանապարհի, բարդության, վերջնական հաջողության ու ակնկալիքի մասին:  

Վաչե Սուվալյան, «CADENCE DESIGN SYSTEMS» ընկերության ավագ գլխավոր ինժեներ. «Չիպերի դիզայնը դարձել է շատ բարդ գործընթաց, և ի թիվս բազմաթիվ այլ նորամուծությունների, Cadence-ը ներմուծել է արհեստական ինտելեկտը՝ հաղթահարելու համար ցանկացած բարդություն և օգնելու նախագծման գործընթացին: Եթե դուք ցանկանում եք սովորել VLSI դիզայն, մենք ունենք մի ամբողջ դասընթաց դրա վերաբերյալ:

Եթե ցանկանում եք սովորել անալոգային սխեմայի նախագծում՝ նույնպես: Մենք ունենք այլ՝ արդյունաբերության ստանդարտ գործիքներ ու շատ այլ բաներ, որոնց տիրապետման հավաստագիր ստացել են պրոֆեսորներից շատերը: Հավաստագրի ստացումը հնարավոր դարձրեց այս համագործակցությունը:

 Պոլիտեխնիկի համար դա նշանակում է՝ գոյություն ունի Cadence-ի կրթական էկոհամակարգ, և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-ը այսօր դարձել է այդ կրթական համակարգի մի մասը»: 

Միջոցառման շրջանակում CISCO ընկերության մասնագետները անցկացրել են վարպետաց դաս «NAND2 դարպասի նախագծում և մոդելավորում՝ օգտագործելով Cadence Virtuoso և Spectre» թեմայով: 

Վահե Եղիազարյան, «CISCO SYSTEMS»-ի ներկայացուցիչ. «Մեր ընկերությունը շատ բարձր է գնահատում մասնավոր ընկերությունների և համալսարանների համագործակցությունը և իրականացնում է բազմաթիվ ակադեմիական ծրագրեր աշխարհի տարբեր համալսարանների հետ:

Այս համագործակցությունը կարևոր է հատկապես այն առումով, որ լրացնում է բուհերում առկա բացերը և հարստացնում է գիտելիքների բազան: Արդյունքում ուսանողները կդառնան ավելի պատրաստ աշխատանքային շուկայի համար»: 

Միջոցառմանը մասնակցել են նաև համալսարանի պրոռեկտորները, արդյունաբերության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, հրավիրյալներ:

Լրահոս

Դիտել ավելին