Կարևոր իրադարձություններ

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

07 Հունիս, 2025 18:00
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկու գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Անահիտ Ասլանյանի ուղեկցությամբ ծանոթացել  մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Բորիս Պիոտրովսկին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Լրահոս

Դիտել ավելին