2024 թվականին Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության շնորհիվ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշը մոտ 200 կգ-ով գերազանցում է 2023 թվականի արդյունքը։
«Եթե համադրենք նաև 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կգ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից՝ կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման պրոցեսը»,– նշել է նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ իրավապահ մարմինների պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ դարձել է ավելի թիրախային ու համակարգված, և դրա հիմքում դրված է թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի օգտագործման դեմ պայքարի նոր ռազմավարությունը։ Նախարարն ընդգծել է ռազմավարության երեք հիմնական նպատակները՝
Ռազմավարական փաստաթուղթը ներառում է 13 ուղղություն՝ ընդգրկելով կրթություն, առողջապահություն, իրավապահ համակարգի կարողությունների զարգացում, ինչպես նաև աշխատանք ծնողների, ուսուցիչների, ԶԼՄ-ների ու շահառու խմբերի հետ։
«Թմրամիջոց օգտագործողին չպիտի վերաբերվենք որպես հերթական վիճակագրական թիվ։ Մենք գործ ունենք մարդ-անհատի հետ, որի հետ պետք է անհատական, հետևողական աշխատանք տարվի՝ բուժումից մինչև սոցիալական ինտեգրում և վերադարձ հանրային կյանք՝ առանց պիտակավորման»,– նշել է ՆԳ նախարարը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի թմրամիջոցների օգտագործման խնդիրը դիտարկվի ոչ միայն որպես իրավական, այլև՝ առողջապահական և սոցիալական մարտահրավեր։