ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է, որ այսուհետ երկրում բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրելը կարգելվի։
Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Այսուհետ բողոքի ակցիաների ժամանակ դիմակներ կրելն այլևս չի թույլատրվելու»,- նշել է նա։
Թրամփը նաև հարց է տվել՝ «ի՞նչ պետք է թաքցնեն այդ մարդիկ և ինչո՞ւ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) արշավը Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու նպատակով վերաճել է ցուցարարների հետ բախումների:
Սպիտակ տան ներկայացուցիչները Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցերը համարել են «ապստամբություն օրենքի դեմ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին իրավիճակը վերահսկելու անկարողության մեջ։ Նա զգուշացրել է, որ դաշնային իշխանությունները կարող են միջամտել կարգուկանոնը վերականգնելու և բողոքի ցույցերը դադարեցնելու համար, որոնք նա անվանել է «ապստամբություն և թալան»:
Ավելի ուշ Թրամփը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների ազգային գվարդիային Լոս Անջելեսում ցույցերի ֆոնին կատարած աշխատանքի համար: