Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ պարետային ժամ է մտցնում քաղաքի կենտրոնի որոշ շրջաններում Սպիտակ տան ներգաղթային քաղաքականության դեմ շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։
Պարետային ժամը սկսվել է հունիսի 10-ին՝ ժամը 20:00-ին, տեղական ժամանակով (ՀՀ ժամանակով հունիսի 11-ին՝ ժամը 07:00,) և կտևի մինչև 06:00-ը:
Բասի խոսքով՝ այս որոշումը կայացվել է «վանդալիզմն ու թալանը դադարեցնելու համար»։
Պարետային ժամը սկսվելուց անմիջապես հետո Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել է «զանգվածային ձերբակալություններ», քանի որ ցուցարարների մի քանի խմբեր սկսել են հավաքվել արգելված տարածքում։
Հունիսի 6-ից Կալիֆոռնիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ ներգաղթի իրավապահ մարմինների (ICE) աշխատակիցները ձերբակալել են տասնյակ մարդկանց:
Բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների և անկարգությունների։ Ի պատասխան բողոքների՝ ԱՄՆ նախագահը Կալիֆոռնիա է ուղարկել Ազգային գվարդիան։ Նահանգի կառավարությունը դեմ էր դրան։
Լոս Անջելեսի քաղաքապետի խոսքով՝ միայն հունիսի 9-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների արդյունքում թալանվել է 23 կոմերցիոն սեփականություն, հայտնում է CBS News-ը։