Կարևոր իրադարձություններ

Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց ունեմ կաթողիկոսի նկարագիր. վարչապետ

12 Հունիս, 2025 10:45
Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց ունեմ կաթողիկոսի նկարագիր. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտը խախտած լինելու թեմայի բարձրաձայնմանը և այդ ամենում թուրք-ադրբեջանական հետք փնտրողներին:

«Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։

Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։

Այս մեթոդը օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել և Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։

Հայաստանի և Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու արևշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը և նրա նման վեղարավորները։

Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ո՞ւմ եք պաշտպանում. սուտը, կեղծիքը, պղծությունը. այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ և դուք շանս չունեք։

Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։

Հ.Գ. Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ, այլ կաթողիկոսի նկարագիր ունեմ. մարդ, որ հավատում է Աստծուն, մարդ որ Հիսուս Քրիստոսի հետևորդ է, ոչ թե խարդախ-վաշխառու, մարդ, որ ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է, ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու ենք բարեպաշտ և աստվածավախ կաթողիկոս»,- գրել է վարչապետը:

Լրահոս

Դիտել ավելին