Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը. ԶԼՄ

17 Հունիս, 2025 13:27
Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը. ԶԼՄ

Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից: Քննարկվում են տարհանման տարբերակները։ Հայաստանը տարհանման հնարավոր ուղիների ցանկում է։

Այս մասին գրել է The Indian Express-ը։

Հնդկաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողությամբ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր։

«Կառավարությունը նաև դիտարկում է տարհանման ուղիները, քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ անցում օգտագործելու հարցը»,- նշվում է հրապարակման մեջ։

The Indian Express-ը նշում է, որ ըստ պաշտոնյաների՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը խոսել է Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հորդորել է Հնդկաստանի քաղաքացիներին և հնդկական ծագում ունեցող անձանց մնալ տանը, խուսափել ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և ուշադիր հետևել պաշտոնական ալիքներով հրապարակված թարմացումներին:

2022 թվականի տվյալներով՝ Իրանում բնակվում է Հնդկաստանի շուրջ 10 000 քաղաքացի, այդ թվում՝ 2000 ուսանող։

Իրանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը Իսրայելի հետ փոխադարձ հարվածների ֆոնին, ինչը մտահոգություններ է առաջացրել օտարերկրացիների անվտանգության առնչությամբ։

Նյու Դելին զսպվածության և ապաէսկալացման կոչ է արել՝ հորդորելով Իրանին և Իսրայելին խուսափել հակամարտության սրումից։ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։

Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։

Հնդկաստանը, որը կապեր ունի թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հետ, հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն՝ խաչաձև կրակի տակ հայտնված իր քաղաքացիների համար խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։

Լրահոս

Դիտել ավելին