Հունիսի 24, Երևան։ Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի:
Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։
Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումը, բացառում է թղթային հանձնարարականների տրամադրման անհրաժեշտությունը և նվազեցնում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Բացի տեխնիկական կատարելագործումից, նոր համագործակցությունը նպաստում է ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի հարմարավետ, արագ և ճշգրիտ գործիք ներդրումային գործարքների իրականացման համար։
Այն կարևոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են վերահսկել իրենց պորտֆելը և կատարել գործարքներ իրական ժամանակում։ Նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելի, թափանցիկ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար։