Կարևոր իրադարձություններ

Երևանն ինձ ցնցեց, իմ սրտի մի մասը մնաց այդտեղ. Զեմֆիրան տպավորված է հեռացել Հայաստանից

07 Հուլիս, 2025 16:50
Երևանն ինձ ցնցեց, իմ սրտի մի մասը մնաց այդտեղ. Զեմֆիրան տպավորված է հեռացել Հայաստանից

Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, հայտնել է, որ տպավորված է թե՛ համերգից, թե՛ Հայաստանից։ 

Նա սոցցանցի իր էջում գրել է․ 

«Երևանն ինձ ցնցեց. այնքա՜ն ջերմություն... Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։ 

Նա գրել է, որ համերգը ևս հրաշալի է անցել։ Իրեն ունկնդրելու են եկել երկրպագուներ ոչ միայն Հայաստանից, այլև Նոր Զելանդիայից, Ճապոնիայից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուֆայից։ Երկրպագուներ, որոնք երգչուհուն հնարավորություն են տվել ապրելու, զգալու այն, ինչը վաղուց մոռացվել էր։

«Գուցե համերգը կարող էր ավելի լավը լինել։ Հաճախ եմ այդպես մտածում, սակայն այստեղ խոսքը նոտաների ու հնչյունների մասին չէր, խոսքը երկար սպասված լավ հանդիպման մասին էր, երբ հետո հիշում ես ու մտածում, դա հրաշալի էր»,- գրել է նա։

Զեմֆիրան ընդգծել է, որ մտապահել է մարզադաշտի առջևի տները, որոնք ասես փայլել են թվացյալ այրվող պատուհաններով, յուրօրինակ տեսարանը. «Վերջին երգն իմպրովիզացիա էր։ Միշտ սիրել եմ իմպրովիզացիաներ, բայց ավելի ու ավելի հազվադեպ եմ դիմում դրան։ Այս անգամ ստացվեց»։

Անդրադառնալով համերգի ընթացքում բեմ բարձրացած փոքրիկ տղային՝ երգչուհին շեշտել է, որ Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է՝ քաջ և զգայուն, ինչը Հայաստանի էությունն է։

«Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց կարծես թե իմ լսարանն է լավագույնը։

Համերգի հաջորդ օրն իմ առջև բացվեց Արարատ լեռը։ Այն տեսանելի էր ամբողջությամբ։ Ասում են, որ ամռանը նման բան հազվադեպ է պատահում։ Ինչպե՞ս էր ստացվել, որ ես երբեք այստեղ չէի եղել»,- եզրափակել է Զեմֆիրան։

Լրահոս

Դիտել ավելին