Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանը կոչ է անում «ՀԷՑ»-ի ղեկավարությանը դադարեցնել հանրությանը մանիպուլացնելու փորձերը

31 Հոկտեմբեր, 2025 13:21
Ռոմանոս Պետրոսյանը կոչ է անում «ՀԷՑ»-ի ղեկավարությանը դադարեցնել հանրությանը մանիպուլացնելու փորձերը
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ՀԷՑ» ՓԲԸ-ում նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում արձագանքել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հայտարարություններին՝ հորդորելով դադարեցնել հանրությանը մոլորեցնելու և փաստերը խեղաթյուրելու փորձերը։
«Դադարեցրեք մեր հանրության աչքերին «թոզ փչելու» և ակնհայտ փաստերն աղավաղելու, մանիպուլացնելու անփառունակ փորձերը»,– գրել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նախկին ղեկավարների գործունեության արդյունքում արհեստականորեն նվազեցվել են էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում իրական կորուստների ցուցանիշները, ինչը փորձ է եղել դրանք տեղավորել ՀԾԿՀ-ի կողմից սահմանված առավելագույն շեմի՝ 7%-ի մեջ։
Պետրոսյանը հավելել է, որ իրենց կողմից իրականացված բացահայտումների շնորհիվ կորուստների ցուցանիշները սկսել են արտացոլել իրական պատկերը, ինչի հիման վրա քննչական մարմիններում արդեն նախաձեռնվել են մի շարք քրեական վարույթներ։
Նա նաև անդրադարձել է «Տաշիր Արենայի» վերաբացմանը՝ ընդգծելով, որ
«Աճպարարությունների ժամանակներն անվերադարձ անցել են թե՛ ՀԷՑ-ում, թե՛ մեր հանրային կյանքում։ Այդ ձևաչափի փորձերն այժմ կարող եք կիրարկել բացառապես ձեր տնօրինման տակ գտնվող՝ նորաբաց “Տաշիր Արենայում”»։
Պետրոսյանը կրկին հրավիրել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին աշխատանքային հանդիպման՝ քննարկելու ընկերության հետագա գործունեությանը վերաբերող խնդիրները։
«ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,– գրել է նա։

Լրահոս

Դիտել ավելին