Դասերը կդադարեցվեն միայն անհրաժեշտության դեպքում, այժմ իրավիճակը դրա կարիքը չունի. Ավանեսյան
11 Դեկտեմբեր, 2025 16:38
Հայաստանը ներկայում չունի այնպիսի համաճարակային իրավիճակ, որը պահանջի կրթական հաստատություններում դասապրոցեսի զանգվածային դադարեցում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ սուր շնչառական վարակների ակտիվացում կա, աճել է դիմելիությունը թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային օղակներում։ Սակայն իրավիճակը համապատասխան կառավարման է ենթարկվում։
Ավանեսյանը նշեց, որ կրթության ոլորտի գործընկերների հետ համատեղ գործարկվում է այն մեխանիզմը, ըստ որի՝ եթե որևէ դասարանում բացակայությունների թիվը գերազանցում է 20%-ը, ապա տվյալ դասարանը կարող է անցնել հեռավար ուսուցման։
Ինչ վերաբերում է օդի աղտոտվածության ազդեցությանը՝ Ավանեսյանը նշեց, որ վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի որակի հետ և զարգանում են սեզոնային տրամաբանությամբ՝ նոյեմբերից մինչև հունվարի վերջ։
Նա ընդգծեց, որ այս տարի գրիպի ակտիվացման ցուցանիշները համեմատելի են նախորդ տարվա թվերի հետ, առկա է միայն փոքր աճ։ Շրջանառվող H3N2 շտամը, նրա խոսքով, առանձնանում է կայուն բարձր ջերմությամբ, հատկապես մինչև 18 տարեկանների շրջանում։
Թոքաբորբերի մասով, ըստ նախարարի, մտահոգիչ պատկեր չկա։ Նա կոչ արեց ռիսկային խմբերի քաղաքացիներին անպայման պատվաստվել գրիպի դեմ՝ ընդգծելով, որ պատվաստվածները կամ չեն վարակվում, կամ հիվանդությունն անցկացնում են շատ թեթև։