Օրենքի նախագծով առաջարկվում է 2026 թվականի ընթացքում հնարավորություն տալ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներմուծել առանց ԱԱՀ-ի՝ բացառությամբ բեռնատար մեքենաների:
Պատգամավորներից ստացանք առաջարկություններ՝ ավելացնել նաև բեռնատար էլեկտրաշարժիչով մեքենաները, դրանք եւս ավելացվել են այդ ցանկում. ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ օրենքի նախագծով նախատեսվող ժամկետների, ներմուծվող մեքենաների արտադրության տարեթվերի, դիլերներին տրամադրվելիք քվոտաների վերաբերյալ:
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ կարևոր քայլ է կատարվում:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստում: