Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը ընդլայնել է ԱՄՆ մուտքի արգելքի ցանկը յոթ երկրի քաղաքացիների համար

17 Դեկտեմբեր, 2025 16:19
Սպիտակ տունը ընդլայնել է ԱՄՆ մուտքի արգելքի ցանկը յոթ երկրի քաղաքացիների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք է սահմանվում ևս յոթ պետությունների քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան պաշտոնական կայքին։
 
Մուտքի լիակատար արգելքը տարածվում է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի, Սիրիայի, ինչպես նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների վրա։ Վերջին երկու երկրների դեպքում նախկինում գործում էին մասնակի սահմանափակումներ։
Հրամանագիրը նախատեսում է նաև մուտքի արգելք և սահմանափակումներ այն անձանց համար, ովքեր ԱՄՆ են մեկնում Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով։
 
Միևնույն ժամանակ ուժի մեջ են թողնվել նախկինում սահմանված մուտքի արգելքները Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար։
Մուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվում նաև Անգոլայի, Անտիգուա և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ’Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիների նկատմամբ։
 
Սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի համար․ այդ երկրի քաղաքացիներին այժմ թույլատրվում է ԱՄՆ մուտք գործել ոչ ներգաղթային այցագրերով։

Լրահոս

Դիտել ավելին