Ես էլ տեսա, որ արդեն Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան, և ես ողջունում եմ այդ զարգացումը: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար:
Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն և համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն: Գիտեմ, որ մի գնացք է գալիս, ինչքան է կոնկրետ՝ չգիտեմ:
Երբ արդեն մտնի երկիր, մեր մաքսային ծառայությունները տեղեկության տիրապետեն, ես այդ ժամանակ կտիրապետեմ:
Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, և հույս ունեմ՝ այդ հարցերը կա՛մ կկարգավորվեն, կա՛մ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները, եթե գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումն ապահովելու»,- նշեց Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ադրբեջանական պետական APA գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝ սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը:
Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:
Գործակալության տվյալով՝ երկաթուղով Հայաստան կուղարկվի SOCAR-ի «ԱԻ»-95 մակնիշի 22 վագոն բենզին: