Coldplay-ի համերգի տեսանյութում հայտնված HR ղեկավարն առաջին անգամ խոսել է սկանդալի հետևանքների մասին
19 Դեկտեմբեր, 2025 16:06
Coldplay խմբի հուլիսին կայացած համերգի ընթացքում «kiss cam»-ի տեսախցիկը ֆիքսել էր Astronomer ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Քրիստին Քաբոթին՝ գրկախառնված ընկերության այն ժամանակվա գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի հետ։ Տեսանյութը լայն արձագանք էր ստացել սոցիալական ցանցերում և կարճ ժամանակում տարածվել TikTok-ում՝ հանգեցնելով լուրջ հետևանքների երկու պաշտոնյաների համար։
եսանյութի տարածումից հետո երկուսն էլ հրաժարական են տվել զբաղեցրած պաշտոններից։
Քաբոթը The New York Times-ին տված հարցազրույցում առաջին անգամ է հրապարակայնորեն խոսել տեղի ունեցածի, դրա հետևանքների և իր ընտանիքի վրա ունեցած ազդեցության մասին։ Նրա խոսքով՝ այդ երեկո համերգից առաջ ինքը ալկոհոլ է օգտագործել և իրեն անպատշաճ է պահել։
«Ես սխալ որոշում կայացրեցի, խմեցի մի քանի ալկոհոլային ըմպելիք և անպատշաճ վարք դրսևորեցի իմ ղեկավարի հետ։ Ես պատասխանատվություն ստանձնեցի և դրա դիմաց հրաժարվեցի իմ կարիերայից։ Դա այն գինն էր, որը ես ընտրեցի վճարել»,- ասել է Քաբոթը։
Նա նշել է, որ ցանկանում է, որպեսզի իր երեխաները հասկանան՝ մարդիկ կարող են սխալվել և լուրջ սխալներ գործել, սակայն դա չի նշանակում, որ նրանք պետք է ենթարկվեն մահվան սպառնալիքների։ Քաբոթի խոսքով՝ դեպքից հետո ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել։
Քաբոթը նաև հայտնել է, որ տեսանյութի հրապարակման պահին գտնվում էր ամուսնուց՝ Էնդրյու Քաբոթից, բաժանման գործընթացում։ Նա հավելել է, որ համերգի օրը իմացել է, որ իր այժմ արդեն նախկին ամուսինն էլ է ներկա լինելու նույն միջոցառմանը, ինչը իրեն հոգեբանորեն շփոթեցրել է։
Հիշեցնենք, որ համերգի ընթացքում, երբ տեսախցիկը ֆիքսել էր նրանց գրկախառնությունը, Coldplay խմբի մեներգիչ Քրիս Մարտինը հումորային մեկնաբանություն էր արել՝ նշելով, թե կամ նրանք հարաբերությունների մեջ են, կամ պարզապես չափազանց ամաչկոտ։
«Ես սարսափելի ամաչեցի և շատ ծանր տարա այդ պահը։ Ես ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարն էի, իսկ նա՝ գլխավոր տնօրենը։ Դա չափազանց վատ իրավիճակ էր»,- նշել է Քաբոթը։