Վենեսուելայի բարձրագույն դատարանի սահմանադրական պալատը վճռել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կկատարի երկրի նախագահի պարտականությունները Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Այս մասին հայտնում է Reusters-ը։
Նշվում է, որ Ռոդրիգեսը ստանձնում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ ապահովելու ադմինիստրատիվ շարունակականությունն ու ազգի համապարփակ պաշտպանությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։
ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին հայտնել էր, որ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։