Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը առաջին հայկական ընկերությունն է FTSE 100 ինդեքսում՝ LFG խմբի միջոցով

06 Մարտ, 2026 16:49
Ամերիաբանկը առաջին հայկական ընկերությունն է FTSE 100 ինդեքսում՝ LFG խմբի միջոցով

Ամերիաբանկը, որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի անդամ, դարձել է առաջին հայկական ընկերությունը, որը ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում՝ աշխարհում 100 խոշորագույն ընկերությունների շարքում:

LFG խմբի անդամակցությունը, որը ցուցակված է Լոնդոնի բորսայում 2006թ-ից, հնարավորություն է տվել Ամերիաբանկին ընդգրկվել ինդեքսում ընդամենը խմբին միանալուց երկու տարի անց՝ վկայելով բանկի ռազմավարական նշանակությունն ու ներդրումը խմբի զարգացման մեջ։

Ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026թ. մարտի 20-ին, փոփոխությունը ուժի մեջ կմտնի մարտի 23-ին:

FTSE 100 ինդեքսում ընդգրկված են աշխարհի առաջատար ֆինանսական և արդյունաբերական ընկերություններ՝ HSBC, Barclays, Lloyds, Rolls-Royce, Unilever, Coca-Cola, AstraZeneca և այլք:

LFG-ն իր շուկայական արժեքով առաջ է անցել Burberry-ից և EasyJet-ից: Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ընդգծել է, որ FTSE 100-ին ընդգրկվելը կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության և Հայաստանի հեղինակության բարձրացման համար. «Այս ձեռքբերումն ընդգծում է մեր զարգացման ռազմավարության արդյունավետությունը և միջազգային մասնագիտական համայնքի գնահատանքը:

Այն նաև բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը միջազգային ֆինանսական շուկաներում», – նշել է Հանեսյանը: Lion Finance Group-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն հավելել է. «FTSE 100-ում ընդգրկվելը թիմերի հետևողական աշխատանքի և ստեղծված արժեքի պաշտոնական ճանաչումն է:

Սա կխթանի նոր ներդրումների ներգրավումը՝ հայկական և վրացական շուկաներում մեր ռազմավարական նորարարական մոտեցումների շնորհիվ»:

Այս քայլը Ամերիաբանկի և Հայաստանի ֆինանսական համայնքի համար միանշանակ կարևոր նվաճում է, որը ընդգծում է հայկական բիզնեսի ներուժն ու միջազգային շուկայում նրա ազդեցությունը:

Լրահոս

Դիտել ավելին