Գյումրիի ավագանու այսօրվա նիստն անցել է լարված մթնոլորտում՝ փոխադարձ մեղադրանքներով և լեզվակռիվներով։ Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հարցեր են ուղղել քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին՝ հատկապես շների ապաստանի կառուցման ծրագրի վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է հատկացնել 80 մլն դրամ, իսկ քաղաքապետարանը՝ 24 մլն դրամ։ Սակայն, ըստ ներկայացված տեղեկությունների, քաղաքապետարանը հինգ անգամ մրցույթ է հայտարարել, սակայն շինարարական որևէ ընկերություն չի մասնակցել։
Առաքելյանը հակադարձել է քննադատություններին՝ նշելով, որ մրցույթներին մասնակցության բացակայությունը կարող է կապված լինել ընդհանուր վստահության պակասի հետ։ Նրա խոսքով՝ շինարարական ընկերությունները չեն մասնակցում մրցույթներին հենց այդ պատճառով։
Նիստի ընթացքում հարցադրումներ է հնչեցրել նաև «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով քաղաքի փողոցների անմխիթար վիճակին։ Նա նշել է, որ փողոցները հաճախ ոչ մեքենաների, ոչ էլ հետիոտների համար անցանելի չեն։
Ի պատասխան՝ Առաքելյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է մրցույթ հայտարարել 21 փողոցների վերանորոգման համար։ Նրա խոսքով՝ փոսալցման աշխատանքները դեռ չեն իրականացվում եղանակային պայմանների պատճառով։
Քաղաքապետարանի ներկայացմամբ՝ փոսանորոգման համար նախատեսված է շուրջ 240 մլն դրամ, իսկ 18 փողոցների սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 270 մլն դրամ։ Բացի այդ, 21 փողոցների կապիտալ վերանորոգման համար նախատեսված է 1 միլիարդ 440 մլն դրամ, իսկ Շիրակացի փողոցում նախատեսվում է իրականացնել շուրջ 1 միլիարդ դրամի վերանորոգման աշխատանքներ։