Գագիկ Ծառուկյանը հանդիպել է անվանի մարզիկների հետ՝ թմրամոլության դեմ պայքարի և առողջ սերնդի ձևավորման թեմայով (տեսանյութ)
16 Մարտ, 2026 12:36
Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և հայտնի մարզիկների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության, առողջ ապրելակերպի խթանման և երիտասարդության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ծրագրի շրջանակում մարզիկները պատրաստակամություն են հայտնել իրենց օրինակով աջակցել թմրամոլության դեմ պայքարին՝ նպաստելով առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը։
«Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և մեր անվանի մարզիկների հետ։
Բաց ու անկեղծ զրույց ունեցանք երկրի անվտանգության, հասարակության առողջ ապրելակերպի և զարգացման հնարավորությունների մասին։
«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության շրջանակում մեր հայտնի մարզիկները պատրաստակամություն հայտնեցին իրենց օրինակով ու հեղինակությամբ աջակցելու թմրամոլության դեմ պայքարին՝ նպաստելով առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը։
Խոսեցինք նաև անվտանգության ու խաղաղության մասին։ Խաղաղությունը յուրաքանչյուր ժողովրդի բնական ցանկությունն է, բայց այն պետք է հիմնված լինի երաշխավորված անվտանգության վրա։ Իսկ դրա համար պետությունը պետք է լինի ուժեղ, համախմբված և ունենա ամուր պաշտպանական համակարգ։
Երիտասարդների հետ նման հանդիպումները շարունակական են լինելու, որովհետև «Առաջարկ Հայաստանին» ծրագրում յուրաքանչյուր լավ գաղափար կարևոր է և կարող է իր տեղը գտնել»,-գրել է Ծառուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։