Հայաստանում հեղուկ գազի շուկայում առաջացած խնդիրները առաջիկա օրերին էականորեն կկարգավորվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հեղուկ գազ ներկրող բեռնատարները որոշ ժամանակ մնացել էին Վերին Լարսի անցակետում՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Ներկայումս, սակայն, իրավիճակը փոխվել է, և Վրաստանի տարածքում արդեն շարժվում են բազմաթիվ գազատար մեքենաներ, որոնք ուղևորվում են Հայաստան։
Նախարարը նշել է, որ մի քանի օրից շուկայում նկատվող լարվածությունը կնվազի, սակայն իրավիճակը ամբողջությամբ չի վերադառնա նախկին մակարդակին։ Պատճառը նաև Իրանից ներմուծման դադարեցումն է, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում առկա հակամարտությամբ։
Պապոյանի պարզաբանմամբ՝ Հայաստանը հեղուկ գազ ներմուծում է հիմնականում Ռուսաստանից և Իրանից, սակայն վերջին օրերին երկու ուղղություններով էլ առաջացել էին խոչընդոտներ։ Սա էլ հանգեցրել է շուկայում դեֆիցիտի և գների կտրուկ՝ շուրջ 50 տոկոս աճի։
Տնտեսական մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը, անդրադառնալով իրավիճակին, նշել է, որ շուկայում գործում են շուրջ 180 ներմուծող ընկերություններ, և որևէ մեկի գերիշխող դիրք չկա, ուստի գների բարձրացումը չի կարող պայմանավորված լինել մենաշնորհով։