Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

06 Հունիս, 2026 20:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Ամերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի՝ Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։

Ֆինանսավորման առնվազն 25%-ը կհատկացվի սահմանված չափանիշներին համապատասխանող կանաչ նախագծերին։ Մնացած միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը. առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինեն կանանց և երիտասարդ ձեռնարկատերերի կողմից ղեկավարվող բիզնեսները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում և գյուղական համայնքներում գործող ձեռնարկությունները։

Այս նոր պայմանագիրն արտացոլում է Ամերիաբանկի և FMO-ի ընդհանուր ձգտումը՝ աջակցելու ներառական տնտեսական աճին, բարձրացնելու տեղական բիզնեսների մրցունակությունը և նպաստելու անցմանը դեպի ավելի կայուն տնտեսություն։

Խոսելով պայմանագրի մասին՝ Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը նշեց.

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր երկարատև գործընկերությունը FMO-ի հետ այս գործիքի միջոցով, որն էլ ավելի կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ամբողջ Հայաստանում գործող ՄՓՄՁ-ների համար՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանաչ և ներառական նախագծերին։ Այս համագործակցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանում կայուն աճի խթանման և ձեռնարկատերերի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծման գործում, որը ռազմավարական նշանակություն ունի Ամերիաբանկի համար»։

FMO-ի գործադիր տնօրեն Մայքլ Յոնգենիլը նշեց.

«Մեր ներդրումն Ամերիաբանկում արտացոլում է ձեռնարկատերերին սատարելու մեր հանձնառությունը՝ միաժամանակ խթանելով արդար անցումը դեպի ցածրածխածնային և կլիմայական փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն տնտեսություն։ Կանաչ ներդրումներին զուգահեռ ընդլայնելով ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք ձգտում ենք խթանել ներառական աճը և օգնել ապահովել, որ այս անցման օգուտից լիարժեք օգտվի ամբողջ հանրությունը»։

Ամերիաբանկի և FMO-ի գործընկերությունը զգալիորեն ընդլայնվել է 2009 թվականից ի վեր, երբ Ամերիաբանկն առաջին անգամ ֆինանսավորում ստացավ FMO-ից՝ հայկական ՓՄՁ-ներին և վերականգնվող էներգետիկայի նախաձեռնություններին աջակցելու համար։ Նախորդ 17 տարվա ընթացքում FMO-ն տրամադրել է շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Այս միջոցները նպաստել են Հայաստանում բազմաթիվ բիզնես և վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացմանը՝ աջակցելով ձեռներեցությանը, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և ավելի կանաչ տնտեսության զարգացմանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

FMO

FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն է։ Որպես առաջատար իմփաքթ-ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում և ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ։

Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ FMO-ն արդեն ավելի քան 50 տարի է, ինչ ֆինանսավորում է ձեռներեցներին՝ տեղական տնտեսություններն ավելի ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն դարձնելու համար։ FMO-ն իր գործունեության համար առանձնացնում է երեք հիմնական ոլորտ, որոնք մեծ ազդեցություն ունեն զարգացման տեսանկյունից՝ ագրոբիզնես, պարենային և ջրային տնտեսություն, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ։

Ունենալով մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆել ավելի քան 85 երկրում՝ FMO-ն հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմ բանկերից մեկը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl կայքը։

Լրահոս

Դիտել ավելին