Ռուսաստանի վառելիքի շուկան «տենդում» է։ Աղբյուրները հայտնել են, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի դեմ ուկրաինական անօդաչուների կրկնակի գրոհից հետո «ձեռնարկությունը դադարեցրել է աշխատանքը»։ Այն ապահովում էր ՌԴ մայրաքաղաքի և Մոսկվայի մարզի բենզինի և դիզվառելիքի պահանջի քառասուն տոկոսը։ Մոսկվայի բենզալցակայաններում AI 95 բենզինի մեկ լիտրը վաճառվում է 75 ռուբլով։ Մերձմոսկովյան տարածաշրջանում «այն երեք ռուբլով թանկ» է։
Իրավիճակը ավելի վատ է Ղրիմում, որտեղ վառելիքի պակասին գումարվել են լոգիստիկ դժվարությունները։ Ուկրաինական անօդաչուները մշտապես թիրախավարում են Դոնի Ռոստովից Ղրիմ մթերքներ, վառելիք, զինամթերք տեղափոխող ավտոշարասյունները։ Վերջին օրերին ուկրաինական ուժերը ավերել են մի քանի կամուրջներ։
Այս ֆոնին Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը խորհրդակցություն է հրավիրել և պատկան մարմիններին, առանձնապես Պետական անվտանգության ծառայությանը հրահանգել «բոլոր միջոցները գործի դնել և թույլ չտալ» Ղազախստանից բենզինի և դիզվառելիքի «ապօրինի արտահանումը»։ Այդ մասին հայտնել է tengrinews իշխանամետ կայքը։ Կառավարության ղեկավարի մակարդակով հարցի նման քննարկումը նշանակում է, որ Ռուսաստանում բենզինի և դիզվառելիքի սուր պակասը փորձ է արվում լրացնել հարեւան երկրներից ներմուծումներով, բայց մինչ այդ «ձեռներեցները փորձում են մաքսանենգ արտահանում իրականացնել»։
Ռուսաստանյան թելեգրամ ալիքները հայտնել են, որ Մոսկվայի քաղաքային իշխանությունները «արգելել են բենզինի և դիզվառելիքի տարաներով վաճառքը, մեկ ավտոմեքենայի համար սահմանել լիցքավորման քսան լիտրի թույլտվություն»։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե «Ուկրիանան հրդեհվի, կբռնկվի նաև Ռուսաստանը»։ Ըստ երևույթին, կողմերը միմյանց հատկապես էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կշարունակեն։ Դա կարող է հակամարտության մեջ անուղղակի ներքաշել նաեւ հետխորհրդային երկրներին և խոչընդոտել Եվրասիայի ապրանքաշրջանառությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել ԵԱՏՄ Տնտեսական խորհրդի նիստին։ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը սոցիալ-տնտեսականից վեր՝ այս փուլում քաղաքական մեծ կարևորություն ունի։