Կարևոր իրադարձություններ

Nago-ն նախագահին կոչ է անում սահմանադրական դատարանում վիճարկել խաղային ոլորտի նոր օրենքները

30 Հունիս, 2026 18:09
Nago-ն նախագահին կոչ է անում սահմանադրական դատարանում վիճարկել խաղային ոլորտի նոր օրենքները

Խաղային ոլորտի շուրջ նոր իրավական վեճ է հասունանում։ Խաղային օպերատորների ազգային ասոցիացիան (NAGO) Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմել է՝ խնդրելով Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված խաղային ոլորտի վերջին օրենսդրական փոփոխությունները։ Shabat.am-ի հետ զրույցում ասոցիացիայից նշեցին, որ, իրենց գնահատմամբ, նոր կարգավորումների մի մասը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքներին և ազատություններին։

Խոսքը վերաբերում է հունիսի 17-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված այն օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» և «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքներում։ NAGO-ում նշում են, որ նախագահի հասցեին ներկայացված դիմումում առանձնացրել են մի շարք դրույթներ, որոնք, ըստ ասոցիացիայի, հակասում են հավասարության, սեփականության իրավունքի, մարդու արժանապատվության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին։

«70 տարին չի կարող իրավունքի սահմանափակման հիմք լինել»

Shabat.am-ի հետ զրույցում NAGO-ում ընդգծեցին, որ իրենց հիմնական մտահոգություններից մեկը վերաբերում է այն դրույթին, որով 70 և ավելի տարեկան քաղաքացիներին արգելվում է մասնակցել շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին և բուքմեյքերական գործունեությանը։

Ասոցիացիայի համոզմամբ՝ նման սահմանափակումը հիմնված է բացառապես տարիքային չափանիշի վրա և հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքին։

«Տարիքային շեմի սահմանումը, ըստ էության, հիմնված է այն կանխավարկածի վրա, որ 70 տարեկանից բարձր անձինք ի վիճակի չեն գիտակցված որոշումներ կայացնել իրենց ֆինանսների վերաբերյալ։ Նման կանխավարկածը վիրավորական է և խաթարում է մարդու արժանապատվությունը»,- նշվում է նախագահին հասցեագրված դիմումում։

Ասոցիացիան ընդգծում է, որ գործող քաղաքացիական օրենսդրությամբ անձի գործունակությունը չի կարող սահմանափակվել միայն տարիքի հիմքով, իսկ նման որոշում կայացնելու իրավասությունն ունի բացառապես դատարանը։ Դիմումում նաև նշվում է, որ 70 տարին լրացած քաղաքացիները շարունակում են ունենալ իրենց օրինական եկամուտներն ու սեփականությունը սեփական հայեցողությամբ տնօրինելու լիարժեք սահմանադրական իրավունք։

Հանրային ծառայողների սահմանափակումները՝ անհամաչափ

Shabat.am-ի հետ զրույցում NAGO-ից նշեցին, որ խնդրահարույց են համարում նաև այն կարգավորումները, որոնք սահմանափակում են պետական և համայնքային ծառայողների, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, Կենտրոնական բանկի աշխատակիցների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցների և մի շարք այլ խմբերի մասնակցությունը առցանց շահումով խաղերին։

Ըստ ասոցիացիայի՝ այս սահմանափակումները անհամաչափ են, միջամտում են անձի մասնավոր կյանքին և խախտում իրավահավասարության սկզբունքը՝ տարբեր պայմաններ ստեղծելով պետական և մասնավոր հատվածներում աշխատողների համար։

«Անձնական ժամանցը և աշխատանքային ժամերից դուրս օրինական գործունեությամբ զբաղվելը հանդիսանում է մասնավոր կյանքի անբաժանելի մասը»,- նշվում է դիմումում։ NAGO-ն նաև պնդում է, որ լիցենզավորված խաղային հաշիվ ունենալու փաստն ինքնին չի կարող վկայել պետական ծառայողի անբարեխղճության կամ կոռուպցիոն ռիսկերի մասին։

Ասոցիացիան ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ նույն սահմանափակումները չեն տարածվում խաղատների գործունեության վրա, ինչի հետևանքով, ըստ NAGO-ի, նույն ոլորտում ձևավորվում են տարբեր իրավական մոտեցումներ։

Ինքնաարգելափակման մեխանիզմը՝ նոր վեճի առարկա

NAGO-ում Shabat.am-ին հայտնել են, որ մտահոգիչ են համարում նաև խաղային հաշիվների ինքնաարգելափակման նոր կանոնները։ Օրենքով նախատեսվում է, որ օգտատերը կարող է ինքնուրույն արգելափակել իր խաղային հաշիվը, սակայն այդ սահմանափակումը կգործի հինգ տարի և կարող է ինքնաշխատ երկարաձգվել, եթե սահմանված ժամկետում չներկայացվի այն վերացնելու դիմում։

Ասոցիացիայի գնահատմամբ՝ նման մոտեցումը չի համապատասխանում համաչափության սկզբունքին և անհարկի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները։

«Կարգավորումը պետք է հնարավորություն տար ընտրելու ժամկետներ՝ օրինակ մեկ ամիս, վեց ամիս, մեկ տարի կամ հինգ տարի։ Մինչդեռ հստակ հինգ տարի սահմանելը անհարկի սահմանափակում է անձի իրավունքը»,- ասվում է դիմումում։

«Սահմանափակումները կարող են խթանել ստվերային շուկան»

NAGO-ում նաև զգուշացնում են, որ նոր կարգավորումները կարող են ունենալ հակառակ ազդեցությունը։ Ըստ ասոցիացիայի՝ չափազանց խիստ սահմանափակումները կարող են քաղաքացիներին տեղափոխել չլիցենզավորված կամ արտասահմանյան խաղային հարթակներ, որոնք դուրս են Հայաստանի պետական վերահսկողությունից։

Միաժամանակ, կազմակերպությունը նշում է, որ ինքնաարգելափակման մեխանիզմը և մի շարք այլ սահմանափակումներ տարածվում են միայն լիցենզավորված առցանց օպերատորների վրա, մինչդեռ չեն կիրառվում ոչ լիցենզավորված հարթակների և խաղատների նկատմամբ։ NAGO-ի գնահատմամբ՝ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում նույն ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար։

Դիմումը՝ Սահմանադրական դատարան հասնելու ակնկալիքով

Ամփոփելով՝ NAGO-ում Shabat.am-ին հայտնել են, որ դիմումի նպատակն է հասնել նրան, որպեսզի ընդունված օրենսդրական փոփոխությունները ստանան Սահմանադրական դատարանի իրավական գնահատականը։

Այդ նպատակով ասոցիացիան Հանրապետության նախագահին խնդրել է օգտվել Սահմանադրության 129-րդ հոդվածով նախատեսված լիազորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ խաղային ոլորտի նոր օրենքների սահմանադրականությունը ստուգելու համար։

Լրահոս

Դիտել ավելին