Կարևոր իրադարձություններ

UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական

06 Օգոստոս, 2026 13:48
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական

UFC-ն պաշտոնապես հայտարարել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի մասին։ Հայաստանը ներկայացնող մարտիկը կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի, այլ ոչ թե նրա հայրենակից Չարլզ Օլիվեյրայի հետ։ Թոփ թեթևքաշայինների դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացվելիք UFC 331 մրցաշարում։

Ծառուկյանի և Ռուֆիի մենամարտը պաշտոնապես հաստատվել է որպես համարակալված մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձություն (co-main event)։

29-ամյա Ծառուկյանը ներկայումս ունի հինգ անընդմեջ հաղթանակների շարք։ Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 26 մենամարտ՝ գրանցելով 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամկետից շուտ) և կրելով 3 պարտություն։ Ազատ ոճի ըմբշամարտի և MMA-ի սպորտի վարպետը պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2019-ի ապրիլից։ Իր վերջին մենամարտում, որը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին, Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է նորզելանդացի Դեն Հուկերին։

30-ամյա Մաուրիսիո Ռուֆին նախորդ տարվա սեպտեմբերին կրել էր կազմակերպությունում իր առաջին պարտությունը՝ խեղդող հնարքով զիջելով ֆրանսիացի Բենուա Սեն-Դենիին։ Այնուհետև բրազիլացին երկու վաղաժամ հաղթանակ է տարել՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևին և ամերիկացի Մայքլ Չենդլերին։

Լրահոս

Դիտել ավելին