Կարևոր իրադարձություններ

Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic

13 Նոյեմբեր, 2026 15:27
Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի և կարիերայում առաջին անգամ ստանձնել ազգային հավաքականի ղեկը։ Ինչպես հայտնում է հեղինակավոր The Athletic պարբերականը, ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան կատալոնացի մասնագետին դիտարկում է որպես Մաուրիսիո Պոչետինոյի փոխարինողի առաջնային թեկնածու։

Արգենտինացի մասնագետը, որն ամերիկյան ընտրանին գլխավորում է 2024 թվականից և պայմանագիր ունի մինչև 2030 թվականի աշխարհի առաջնությունը, հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Եթե Պոչետինոն որոշի վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, ամերիկացիները պատրաստ են բանակցություններ սկսել Գվարդիոլայի հետ, որի թեկնածությունն արդեն իսկ քննարկվել է ֆեդերացիայի ղեկավարության տարբեր մակարդակներում։

Գվարդիոլան 2026 թվականի ամռանն է հեռացել «Մանչեսթեր Սիթիից»՝ ամփոփելով անգլիական ակումբում անցկացրած փառահեղ տասնամյակը, որի ընթացքում նվաճել է 20 տիտղոս, այդ թվում՝ ԱՊԼ-ի 6 չեմպիոնություն և Չեմպիոնների լիգայի գավաթը։

Անդրադառնալով հնարավոր նշանակմանը՝ ամերիկյան FOX Sports-ը նշում է, որ անվանի մասնագետը մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ԱՄՆ-ի նկատմամբ (2012-2013 թթ. նա բնակվել է Նյու Յորքում) և բարձր է գնահատել տեղի ֆուտբոլի զարգացման հեռանկարները.

«ԱՄՆ-ն հետաքրքիր և երկարաժամկետ նախագիծ է։ Հնարավորություն կա ազգային հավաքականը նոր մակարդակի բարձրացնելու, քանի որ նրանց ներուժն իսկապես մեծ է»,- ավելի վաղ նշել էր Գվարդիոլան։

Այդուհանդերձ, The Guardian-ն ընդգծում է, որ կատալոնացի մարզչի հետ համաձայնության հասնելը հեշտ չի լինի։ Թեև Գվարդիոլան նախկինում հետաքրքրված է եղել ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականներում աշխատելու հեռանկարով, վերջերս նա մերժել է Իտալիայի ընտրանին գլխավորելու առաջարկը։ Գործարքի գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ մասնագետի՝ ակումբային ֆուտբոլում ունեցած հագեցած տարիներից հետո հանգիստը շարունակելու և որոշ ժամանակով ֆուտբոլից հեռու մնալու ցանկությունը։

Հավելենք, որ ըստ talkSPORT-ի՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ունի նաև այլընտրանքային տարբերակ։ Թեկնածուների ցուցակում է ընդգրկված Բելգիայի և Պորտուգալիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, որի միջազգային հարուստ փորձը կարող է վճռորոշ գործոն դառնալ ընտրության հարցում։

Լրահոս

Դիտել ավելին