Մենք մեր ձայներով ապահովել ենք Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը. Մենք մասնակցություն չենք ունենալու գործադիրում, ավագանու բոլոր ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք, եթե չլինի ֆորս մաժորային իրավիճակ, կախված առողջական խնդիրների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը:
«Մասնակցելու ենք ամբողջ կազմով, գործադրի ներկայացրած նախաձեռնությունները կքննարկենք, դրական ունեցանք որոշում՝ կողմ կքվեարկենք, բացասական ունեցանք՝ բացասական»,-ասաց նա:
Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, որ ընդդիմադիր թեկնածուները շտապեցին հայտարարել, որ սատարում են Վարդան Ղուկասյանին, գուցե համատեղ որոշվեր, որ ընդդիմության թեկնածուն այլ անձ լինի, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Առաջինը հայտարարել է որ իր քվեներով աջակցելու է պարոն Ղուկասյանին Կարեն Սիմոնյանը: Ես ընտրություններից առաջ հայտարարել եմ, որ եթե ես առավելագույն ձայներ չեմ ստանալու, ապա սատարելու եմ ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետի թեկնածուին: Ինչ ասել եմ դա էլ արել եմ» Եթե կա որակավորում, որ դա շտապողականություն է, եկեք հիմա ճիշտը խոսենք: Դա պիտի որոշեին չորս թեկնածուները, բայց նրանք քարոզարշավի 15 օրերի ընթացքում չեն ունեցել ոչ մի նմանատիպ քննարկում: Եթե գոյություն է ունեցել հիպոթետիկ պլան B կամ պլան C, դրա մասին թեկնածուները պետք է որ սկսեին քննարկումները մինչև ընտրություններ։
Եթե նախնական արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո Կարեն Սիմոնյանը ընդամենը մեկ ժամ հետո վիդեոուղերձով հայտարարեց, որ ինքը իր քվեները տալու է Վարդան Ղուկասյանին: Եթե ես հայտարարել եմ առավոտյան ժամը 9:00-ին, դա նշանակում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում էլ ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել:
Ըստ այդմ, ես պարոն Գրիգորյանին շատ հարգում եմ, իր ձևակերպումները իր ձևակերպումներն են, որոնց հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, առաջարկում եմ իրեն հարցնել ինչու է ինքը այդ ձևակերպումները տալիս: Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք»,-ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ ինքը Մարտուն Գրիգորյանի հետ չի հանդիպել:
Նշենք, որ այսօր Գյումրիի ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին: